Արմինֆո. Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո Հայաստանը բանակի բարեփոխում է իրականացնում, օպտիմալացնում է բանակի թվակազմը, անցնում սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի: <ՌԻԱ նովոստի>-ին հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
<Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն ծրագրվում է, այլեւ՝ արդեն իրականացվում է, ընդ որում՝ այդ գործընթացում անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները>, - ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով, ռազմական շինարարության գործընթացը սկզբունքորեն շարունակական է, իսկ Հարավային Կովկասում այսօր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ազգային զինված ուժերի կողմից իրականացվող բարեփոխումներն անշրջելի եւ անվիճելի առաջնահերթություն է դարձնում։
Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղված կլինեն կառավարման, հետախուզության, ՌԷԲ-ի, ՀՕՊ-ի և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը:
Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 25-30-ն ընկած ժամանակահատվածում, երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան, Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը՝ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների եւ արդիականացման հարցերին աջակցելու համար:
<Համատեղ աշխատանքի արդյունքում առաջարկություններ են մշակվել հայկական զինված ուժերի արդիականացման շրջանակներում հետագա գործողությունների եւ միջոցառումների վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց ներկա վիճակը, ընդ որում՝ շատ լուրջ շեշտադրում է արվել տվյալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչի վրա>,-նշել է նախարարը:
Միեւնույն ժամանակ, Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը երկրում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում: