Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։
Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր հատվածում, Եղեգնաձոր քաղաքում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Քեթի, Ջաջուռ, Կապս, Ախուրյան գյուղերում բուք է։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։