Արմինֆո. ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը:
Աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողները:
Աջակցության միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող ներքոնշյալ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով. 1. սոցիալական քարտի համարը (ՀԾՀ), 2. նույնականացման քարտի (երկկողմանի) կամ անձնագրի պատճենը, 3. հիվանդության էպիկրիզի պատճենը, 4. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության ճանաչման բժշկասոցիալական փորձաքննության որոշման պատճենը, 5. հեռախոսահամարը, 6. բնակության հասցեն:Հարցերի համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ զանգահարել ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծի 1-28 հեռախոսահամարով:
Նշենք, որ Հայաստանի զինվորական դատախազության տվյալների համաձայն՝ ծավալված ռազմական գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: