Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ - ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է արցախյան հակամարտությունը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ նախագահի ֆեյսբուքյան էջից։
<Ողջունելով հյուրին՝ նշեցի, որ Իրանին դիտարկում եմ որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր: Անդրադարձ կատարելով արցախյան հակամարտությանը՝ կարևորել եմ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ամրագրված պայմանավորվածությունների կատարումը: Առաջնահերթ է օր առաջ իրականացնել ռազմագերիների և այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Հանդիպմանն ընդգծել եմ, որ համակարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ արցախահայերի ինքնորոշման իրավունքը։ Զրույցի ընթացքում շեշտել եմ, որ Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց։
Դեսպան Զոհուրին իր հերթին հայտնեց, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը և վերահաստատեց ԱԳ նախարար Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետն առ այն, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պիտի շուտափույթ լուծում ստանա։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հատկապես Սյունիքում համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր>,- հայտնել է Ազգային ժողովի նախագահը։