Արմինֆո.Ռուսերենը պաշտոնական լեզու կդառնա Լեռնային Ղարաբաղում։ Արցախի Ազգային ժողովի հաղորդագրության համաձայն, նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է երկրում ռուսաց լեզուն պաշտոնական ճանաչելու մասին օրենքը։
Նշվում է, որ <Լեզվի մասին> օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ ԼՂՀ պաշտոնական լեզու են ճանաչվում գրական հայերենը և ռուսերենը:
<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը>,- ասված է օրինագծում։
Նշենք, որ դեռևս 2020թ. վերջին Արցախի նախագահի այն ժամանակվա խորհրդական, այժմ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, արձագանքելով այն լուրերին, թե հանրապետությունում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ կտան, նշել էր, որ այդ մասին խոսելը վաղաժամ է, և դա ընդամենը խոսակցություններ են: Ընդ որում, նա հիշեցրել է, որ ռուսերենը միշտ հատուկ տեղ է զբաղեցրել ԼՂՀ-ում։ <Արցախում ընդհանրապես միշտ եղել է շատ ուժեղ ռուսաց լեզվի դասավանդումը։ Ամենաուժեղ դպրոցները ամբողջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում տարիներ շարունակ եղել են Ստեփանակերտի համար 8 և համար 3 ռուսական դպրոցները, որոնք տվել են ամենաշատ հայրենասերները։ Մի մոռացեք, որ ռուսական կրթություն ուներ Չարենցը, ռուսական կրթություն ուներ Դրոն, Արամ Մանուկյանը, Հովհաննես Թումանյանը, Գարեգին Նժդեհը։ Ի՞նչ վատ ա, որ մենք իմանանք ռուսերեն, անգլերեն լեզուները, տիրապետենք պարսկերենի, լավ իմանանք թուրքերեն, քրդերեն․․․ Վա՞տ է։ Իսկ մենք ինչ ենք արել։ Վերցրել ենք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ժամանակին, ուղղակի վոլյունտարիստական որոշում կայացրել՝ բոլոր դպրոցները փակել, անցնել հայերենի։ Առանց ժամանակահատված դրան տրամադրելու, կորցնելով մեծ, շատ ուժեղ ուսուցչական կազմ։ Հիմա լա՞վ է, որ Հայաստանի, Երևանի բնակչության մեծ մասը չի կարողանում խոսել ռուսերեն։ Այն դեպքում, երբ որ ապրանքաշրջանառությունն ամենամեծը Ռուսաստանի հետ է, այն դեպքում, երբ ռազմաքաղաքական, եղբայրական հարաբերություններ ունենք։ Ես կողմնակից եմ, որ մենք հավասարապես տիրապետենք ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի․․․ Բայց ոչ թե ձևական, ազգայնամոլական ամենավատ բաներից ելնելով՝ սկսեն փակել դպրոցներ, դրանով ցույց տանք, որ տեսեք մենք ինչ հայրենասեր ենք։ Մենք հայրենասեր չենք դրանով։ Մենք ընդհակառակը՝ մեր պետությունը թուլացնում ենք>,- ասել էր Բաբայանը։