Արմինֆո. Ալիևը, ես վստահ եմ, միշտ երազել է հաղթել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, բայց նրա երազանքը այդպես էլ իրականություն չդարձավ, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին հարցին, որ ինքը հաղթել է ոչ թե գործող վարչապետի բանակին , այլ՝ Հայաստանի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բանակին։
<Մենք հաղթել ենք 90-ականներին Ալիևի հորը, 2016-ին Ալիևը պարտվել է ինձ, Ալիևը պարտվել է ինձ ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-ից 2018 թվականներին, և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ ինձ ինչ-որ բանում հաղթելու: Ալիևը, վստահ եմ, հոգեպես ամբողջովին բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերել։
Ալիևը չի հաղթել հայկական բանակին, Ալիևը չի հաղթել հայ ժողովրդին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին, կապիտուլյացիայի է ենթարկվել ո՛չ հայկական բանակը, ո՛չ հայ ժողովուրդը, կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետը՝ իր թիմով ու նաև իր թիմից գաղտնի: Ալիևը ինչ-որ առումով ճիշտ է, այո, հայկական բանակի ստեղծման գործում և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ ես, բազմաթիվ այլ մարդիկ, բազմաթիվ գեներալներ, սպաներ մեծ դերակատարում են ունեցել, կապիտուլյանտն ի՞նչ դերակատարում է ունեցել, մեկ օր էլ հայկական բանակում չի ծառայել: Այդ առումով գուցե Ալիևը ճիշտ է, բայց եթե Ալիևի տեսակետից մոտենանք, դա նշանակում է, որ այս կապիտուլյանտին հաղթել է Էլչիբեյը, անտրամաբանական է նրա ասածը>,- ասել է Սերժ Սարգսյանը։