Արմինֆո.Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը: Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ։
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում կրակոցներ են հնչում: Հակառակորդը կրակում է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Ինչպես հայտնել է Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը,
գյուղի ստորին հատվածում թշնամին գտնվում է 1 կմ հեռավորության վրա, իսկ վերևում առաջ է շարժվել և վերահսկում է իրավիճակը 4 կմ հեռավորությունից: <Ագարակում 40 տուն կա. հարևան գյուղում տներն ավելի շատ են, այնտեղ նույնպես հնչում են կրակոցներ։ Օդ են կրակում՝ վախեցնելու համար։ Տեսնում են, որ երեխաները դրսում խաղում են, դրա համար էլ կրակում են, որ վախենան>,- ասել է նա։
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանցի զինվորականների կողմից արձակված կրակոցների մասին ապացույցներ: