Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի շրջանակներում Այվազյանը բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, Այվազյանի Մոսկվա այցի շրջանակներում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հումանիտար աջակցության ցուցաբերման, ենթակառուցվածքի վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա: Անդրադարձ կկատարվի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում աշխատանքներին: