Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:
Փոխվարչապետերի որոշմամբ ստեղծվել են երկու փորձագիտական ենթախմբեր: Հայկական կողմից առաջին ենթախմբում ընդգրկված կլինեն Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին գործերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ: Երկրորդ ենթախմբում ընդգրկվելու են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն, Սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունը և Արտաքին գործերի նախարարությունը։