Արմինֆո. Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:
Այսպես, շվեդ խորհրդարանականների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է:
< Մենք` Շվեդիայի Ռիգսդագում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի ներքոնշյալ անդամներս՝ հղում անելով ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը, 2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ գերեվարված անձանց <բոլորը բոլորի դիմաց> սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը, հաշվի առնելով Եվրոպական միության դիվանագիտական ծառայության ներկայացուցչի 2021 թվականի հունվարի 29-ի կոչը, Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությունը, մտահոգ լինելով, որ Ադրբեջանի` մարդասիրական հարցը քաղաքականացնելու ապակառուցողական մոտեցումն ուղեկցվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մուտքն արգելափակելու փորձերով, այդպիսով զրկելով նրանց ԼՂ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությունից, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը, կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան:
Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։ Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը>։
Ավելի վաղ նման կոչով հանդես էին եկել լիտվացի պատգամավորները: