Արմինֆո.<Լրագրողներ առանց սահմանների> (RSF) միջազգային կազմակերպությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների կողմից Սյունիքի մարզում լրագրողների գործունեության սահմանափակումները:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. <Սահմանապահները պաշտոնապես հայտարարել են, որ ցանկացած լրագրող, ով ցանկանում է մեկնել Սյունիքի մարզ՝ ռեպորտաժ պատրաստելու համար, պետք է ստանա Ազգային անվտանգության ծառայության թույլտվությունը: Դատապարտում ենք այդ սահմանափակումը եւ իշխանություններին կոչ անում վերականգնել լրագրողների մուտքը այդ շրջաններ> ։
Նախօրեին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում ընդգծվում էր, որ ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ։