Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։
Ռուսական դիվանագիտական առաքելությունում, արձագանքելով Երեւանում ՌԴ դեսպանատան առջեւ անհայտ կորածների եւ ռազմագերիների ծնողների ու հարազատների հերթական ցույցի անցկացմանը, մասնավորապես, հայտարարել են․
<Փետրվարի 10-ին դեսպանության դիմաց տեղի ունեցավ հերթական ցույցը՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու պահանջով։ Լիովին հասկանում և կիսում ենք այն ընտանիքների վիշտը և անհանգստությունը, որոնց հարազատները և մտերիմները այս պահի դրությամբ չեն վերադարձել տուն: Գիտակցում ենք ստեղծված իրավիճակի ողջ սրությունն ու զգայունությունը։ Դա, իսկապես, մեծ մարդկային ողբերգություն է։
Ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ռուսական խաղաղապահ զորախումբը և մարդասիրական արձագանքման կենտրոնը, գործելով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ սերտ համակարգմամբ, անմիջական, ուղղակի մասնակցություն են ունենում այդ սուր խնդրի լուծման հարցում։ Ցանկալի է, իհարկե, որ գործընթացն ավելի արագ տեմպերով առաջ ընթանա, բայց, հավատացեք, համառ, քրտնաջան և ոչ դյուրին աշխատանք է տարվում։
Ռուսական կողմի միջնորդական ջանքերի տեսանելի արդյունք է հանդիսանում, մասնավորապես, փետրվարի 9-ին, ևս 5 անձի վերադարձը Հայաստան։
Այս կապակցությամբ որոշակի զարմանք է առաջացնում, թե ինչու հենց այն իրադարձությունից հետո, որն արտացոլում է Ռուսաստանի ղեկավարության ու խաղաղապահ զորախմբի ջանքերի արդյունքը և ոչ վերջին դերը՝ Դեսպանության առջև նման հանրահավաք է անցկացվում։ Ակամայից հարց է առաջանում. Ինչպիսի՞ն են նման ակցիաների կազմակերպիչների իրական նպատակները դիվանագիտական առաքելության առջև>։
Նշենք, որ նախօրեին անհայտ կորածների եւ ռազմագերիների ծնողներն ու հարազատները հավաքվել էին Երեւանում ՌԴ դեսպանատան առջեւ: Ցուցարարները խնդրել են արագացնել իրենց հարազատների որոնման եւ վերադարձի գործընթացը։
Ավելին, նախօրեին երեկոյան ռազմագերիների հարազատները փակել են Երեւանն ու Գյումրին միացնող երկու տրանսպորտային մայրուղիները ։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Շիրակի մարզի 62 կամավորներից բաղկացած խումբը գտնվում է ադրբեջանական գերության մեջ ։ Բաքվում տարբեր պատրվակներով ձգձգում են հայ ռազմագերիներին հանձնելու գործընթացը ։ Մինչ օրս հայտնի չէ նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով զոհվածների, գերիների և անհայտ կորածների ճշգրիտ թիվը։