


Արմինֆո.Նոր իրողությունը Հայաստանի առջև նոր մարտահրավերներ է բարձրացնում։ Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
Նրա խոսքով՝ իրավիճակը շատ բարդ է, եւ երկրի իշխանությունների հիմնական նպատակն է
անել ամեն ինչ, որպեսզի Հայասանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի։ Նախարարը խոստովանել է, որ դա հեշտ հարց չէ, որովհետև սա աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է։ Անհրաժեշտ կլինի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը։ Նախարարը հիշեցրել է, որ անվտանգությունը բաղկացած է բազմաթիվ տարրերից՝ սկսած ներքին կայունությունից մինչև շատ տարբեր հարթակներ։
Այվազյանը, մատնանշելով Կարսում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները, նշել է, որ դրանք հայկական կողմի մտահոգությունն են առաջացնում։
<Մենք մի կողմից տեսնում ենք նման դրսևորումներ, մյուս կողմից տեսնում ենք նույն Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Ես կարծում եմ՝ դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղերձներ հասցնել, բայց հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ ես կարծում եմ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե ուղերձներով, այլ նախ և առաջ գործողություններով։ Եվ վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի։ Նախ և առաջ խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը>,- նշել է ԱԳՆ ղեկավարը։



