Արմինֆո.Երեւանի քաղաքապետարանը շուտով ավելի վաղ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու մասին պայմանագիր կստորագրի: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Նա հայտարարել է, որ հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել առաջիկայում, որից հետո վեց ամսվա ընթացքում ավտոբուսները կմատակարարվեն։
Բացի այդ, Մարությանի խոսքով, ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը հետզհետե համալրում է քաղաքային երթուղիները:
Հիշեցնենք, որ 100 փոքր տարողության ավտոբուսները ձեռք են բերվել համայնքի միջոցներով։ Այդ ավտոբուսներն ունեն՝ ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), սրահի այնպիսի բարձրություն, որ ուղեւորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ, կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր, հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն։
Նշենք, որ 8.5 մետրանոց միջին տարողության 161 ավտոբուս ձեռք բերելու համար մրցույթը հայտարարվել էր անցած տարվա դեկտեմբերի կեսին: Այդ ավտոբուսները նույնպես ձեռք են բերվելու քաղաքապետարանի համայնքային միջոցներով։
Պայմանագրի գումարի մասին քաղաքապետարանը, ինչպես միշտ, լռում է։