Արմինֆո.Լիտվայի Սեյմի (խորհրդարան) Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամները հայտարարություն են ընդունել, որում Ադրբեջանին կոչ են արել արագացնել մարմինների, ռազմագերիների եւ գերիների փոխանակումը ՝ ապահովելով նրանց շուտափույթ վերադարձը հայրենիք: Ինչպես հաղորդում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք, Սեյմասում Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամներս, Հղում անելով՝ ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը, 2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը, Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի 2021 թ. հունվարի 29-ի կոչին, Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությանը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը, կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան:
Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։ Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը»: