Արմինֆո.Հայաստանի գործող իշխանությունները որոշել են հրաժարվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից։
Կառավարող "Իմ քայլը" խմբակցության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում», - ասված է խմբակցության հաղորդագրությունում:
Ուշագրավ է, որ այս հայտարարությունը հաջորդել է այն բանին, որ երկու օր առաջ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու և երկրում տեղի ունեցող գործընթացներին ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին։ Իսկ մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանը կրկին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ապա ինքը իր թիմի հետ միասին կմասնակցի դրանց և կհաղթի:
Հարկ է նշել, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի վարչապետի ստորագրած տխրահռչակ կապիտուլյացիայի մասին փաստաթղթից հետո, Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության ֆոնին, որը սանձազերծել էր թուրք-ադրբեջանական տանդեմը՝ Սիրիայից վարձկանների ներգրավմամբ, երկրում բողոքի ակցիաների ալիք է սկսվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել ինչպես ընդդիմադիր ուժերը, այնպես էլ մտավորականներն ու հոգևորականները։ Հրաժարականի կոչով հանդես են եկել Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը, Սփյուռքի ներկայացուցիչներ, բուհերի ղեկավարներ: