Արմինֆո. Կոնգրեսական, հանրապետական Բրեդ Շերմանը պարզաբանումներ է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերից այն լուրերի առնչությամբ, թե ամերիկացի դիվանագետը Ալիեւի ռեժիմին շնորհավորել է "տարածքային ամբողջականության վերականգնման" կապակցությամբ եւ խոստացել է ԱՄՆ միջոցներ հատկացնել Արցախի օկուպացված հողերի վերականգնման համար: Այդ մասին հայղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նշվում է, որ Շերմանի անհանգստությունը պայմանավորված է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներով, որոնք առնչվում են դեսպան Լիտցենբերգերի եւ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբբարովի հունվարի 27-ին հանդիպմանը:
Դեսպան Լիտցենբերգերին ուղղված նամակում Ներկայացուցիչների պալատի անդամ Շերմանը խնդրել է բացատրել հետևյալը. "ԱՄՆ քաղաքականությունը Բաքվին պատշաճը մատուցե՞լն է Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի, վերջին պատերազմում նրա հաջողության համար: Ադրբեջանում ներդրումների խրախուսման ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է Արցախի մարգինալացմա՞նը":
Կոնգրեսականը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Լիտցենբերգերի հայտարարությունները, որոնք չեն հերքվել Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից, հակասում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարություններին, որոնք նա արել է պաշտոնում հաստատվելու ժամանակ:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբբարովի հետ հանդիպման ժամանակ շնորհավորանքներ է փոխանցել "Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման" կապակցությամբ ' ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնման կարեւորությունը: Դեսպանը նշել է, որ ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել ազատագրված տարածքների վերականգնմանը, մասնավորապես, հետաքրքրված են ջրային ռեսուրսների կառավարմամբ, ճանապարհային եւ այլ ենթակառուցվածքների ստեղծմամբ, թվային եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ: Ավելի ուշ Երևանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ պարզաբանումներով, հավաստիացնելով, որ Լիտցենբերգերը չի շնորհավորել Ադրբեջանին։ Սակայն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կայքում հերքում չի հրապարակվել։