
Արմինֆո. Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի համար չափազանց կարեւոր է պատրանքներից ձերբազատվելը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
"Պատրանքներ, որոնց մակարդակը մեզանում հասել է կայուն քաղաքական դիցաբանության, հեքիաթային սյուժեների և միանգամայն անհիմն ակնկալիքների։ Ի վերջո, մենք պետք է հրաժարվենք այն հույսից, որ Իրանը պատրաստ է իր շահերի հաշվին՝ հանուն Հայաստանի զոհաբերել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները։ Եվ, կարծում եմ, որ Իրանի նախարար Ջավադ Զարիֆը մեզ շատ պարզ հասկացրեց դա Երևանում", - ընդգծել է նա։
Հունվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը ղարաբաղյան հարցում հանդես է գալիս միջազգային իրավունքի, ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանման և տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Իրանցի դիվանագետը Հայաստան էր ժամանել Ադրբեջան, Ռուսաստան, Վրաստան և Թուրքիա տարածաշրջանային իր երկրորդ մեծ շրջագայության շրջանակում։
Երևանում Իրանի ԱԳ նախարարի ասվածի վերծանման որեւէ անհրաժեշտություն չտեսնելով՝ փորձագետն անհրաժեշտ է համարում կարմիր գծերի անցկացումը Իրանի և Հայաստանի հետ հարաբերություններում, եւ այդ հարաբերություններում սեփական ազգային շահերով առաջնորդվելը, լիովին բացառելով Թեհրանից նեղանալու հնարավորությունն իսկ՝ իրականությունից հեռու հայկական հույսերը չարդարացնելու համար։
Այս լույսի ներքո՝ Հայաստանը, Մեհրաբյանի գնահատմամբ, պետք է ինտենսիվացնի Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացը՝ որքանով դա թույլ են տալիս Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Ինչպես նաև պահպանի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ։
Ընդ որում, վերը նշված պատրանքներից ձերբազատմանը զուգընթաց, Հայաստանը, ըստ փորձագետի, պետք է ձերբազատվի ֆոբիաներից, որոնց համաձայն, Արևմուտքի, Իսրայելի, Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների խորացումը կարող է վնասել Իրանի հետ հարաբերություններին, իհարկե, Հայաստանի տարածքում երրորդ երկրների մասնակցությամբ որեւէ հակաիրանական գործունեության բացառման պայմանով։
"Եվ, անշուշտ, մեր հարաբերությունները պետք է "մաքրել" այն վախից, որ դրանք կարող են ինչ-որ կերպ վնասել Ռուսաստանի շահերին։ Եւ բացառել երկարամյա հակապետական քաղաքականության կրկնությունը, որը նվազագույնի է հասցնում հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացումը ։ Բոլորը և, առաջին հերթին, մենք՝ ինքներս, պետք է հասկանանք, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է վերաբերվեն միայն մեզ և Իրանին", - ամփոփել է փորձագետը։