Արմինֆո. Անդրկովկասից Ռուսաստանին վտարելու թուրք-ադրբեջանական երազանքը հայտնի է բոլորին, այդ թվում ՝ Ռուսաստանին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի
կարծիք է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
"Թուրք-ադրբեջանական տանդեմի ևս մեկ երազանք է Իրանի հյուսիսային, ադրբեջանալեզու շրջանների գրավումը։ Համոզված եմ, որ այդ երազանքի մասին քաջ հայտնի է նաև Թեհրանում։ Երկու երկրների փորձագիտական շրջանակները շատ լավ հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, եւ որո՞նք են նրա ծրագրերը իրենց նկատմամբ", - նշել է նա:
Ընդ որում, ակադեմիկոսի գնահատականների համաձայն, ինչպես Մոսկվան, այնպես էլ Թեհրանը, յուրաքանչյուրն իր տեսանկյունից, այսօր Անկարայի կարիքն ունեն։ Թուրքիան նրանց անհրաժեշտ է սեփական ծրագրերն իրականացնելու համար, ինչը Ռուսաստանին և Իրանին դրդում է հարկադրաբար աչք փակել Անկարայի ակնհայտ պանթյուրքական ծրագրերի վրա։
"Ժամանակակից Ռուսաստանը Խորհրդային Միություն և ցարական Ռուսաստան չէ։ Թուրքիայի նկատմամբ կոշտ քաղաքականություն իրականացնելու հնարավորություններ նա չունի։ Իրանն, իր հերթին, կարիք ունի Թուրքիայի կողմից առաջարկվող այլընտրանքների՝ ամերիկյան պատժամիջոցների տակ իր երկարաժամկետ գտնվելու պատճառով։ Մենք տեսնում ենք, որ երկու երկրներն էլ այս կամ այն չափով կախված են Թուրքիայից եւ Թուրքիայի կարիքն ունեն", - ընդգծել է նա։
Այս ֆոնին՝ Հայաստանը, ըստ ակադեմիկոսի, իր հերթին, Ռուսաստանի կարիքն ունի։ Նրա գնահատմամբ՝ վերջին ամիսներին վերջնականապես պարզ դարձավ, որ միայն Ռուսաստանն է ինչ-որ չափով աջակցում Հայաստանին։ Մինչդեռ, Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը, Սաֆրաստյանի կարծիքով, չի արտացոլում առկա իրողությունները։
"Մենք պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնենք։ Եվ, իմ կարծիքով, Հայաստանի ԱԳՆ-ն չի գիտակցում Ռուսաստանի կարեւորագույն նշանակությունը մեր տարածաշրջանում առկա պայմաններում։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ձևավորվի, բխի և հիմնվի մեր նույնականության վրա։ Եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն այդ գործընթացին բնավ խոչընդոտ չէ: Վերջին պատերազմը ակնհայտ ցույց տվեց Հայաստանի դիվանագիտական մեկուսացումը։ Եվ մենք շարունակում ենք գտնվել այդ մեկուսացման մեջ նաև այսօր։ Սա անհապաղ լուծումներ պահանջող մակարդակի խնդիր է", - եզրափակել է ակադեմիկոսը: