
Արմինֆո. Մեր գերիներին վերադարձնելու հարցում անհրաժեշտ է հետեւողականորեն մեծացնել ճնշումը Բաքվի նկատմամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
"Այսօրվա դրությամբ այդ հարցը, փաստացի, քաղաքական լուծում է պահանջում։ Եվրամիությունն արդեն երկու պահանջ է հնչեցրել Բաքվին՝ կոչ անելով վերադարձնել հայ գերիներին։ Կարծում եմ, որ այդ կոչերին պետք է ավելացնել բոլոր միջազգային դերակատարների ճնշումը։ Կարևոր է նշել, որ նման ճնշման համար կա անհրաժեշտ իրավական, Հայաստանի համար բարենպաստ հող։ Եվ, որպես արդյունք, այժմ Ադրբեջանն արդեն փորձում է պահպանել ստատուս քվոն։ Եվ դրա համար Բաքուն պետք է կիրառի իր տրամադրության տակ եղած բոլոր քաղաքական մեխանիզմները", - կարծում է իրավաբանը։
Չնայած 62 գերիներից 5-ի վերադարձին ՝ Ադրբեջանը, Ղազարյանի գնահատմամբ, շարունակում է հրաժարվել նրանց ռազմագերիներ համարել, պնդելով, որ բռնությամբ պահվող անձինք իր տարածքում ապօրինի գտնվող ռազմական կազմավորման անդամներ են: Նման տեսակետների հիմք է հանդիսանում նոյեմբերի 9-ին զինադադարի կնքումից հետո նրանց գերեվարման փաստը, այսինքն ՝ միջազգային հակամարտության ավարտից հետո։
"Այլ կերպ ասած՝ Բաքուն պնդում է, որ նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցածը արդեն ներքին հակամարտություն է։ Եվ, համապատասխանաբար, կարող է նրանց ենթարկել քրեական պատասխանատվության։ Իհարկե, այդ հայտարարությունների տակ քողարկված է քաղաքական խնդիր՝ Արցախի կարգավիճակի հարցը, որը Բաքուն փորձում է լուծել արդեն Ռուսաստանի հետ քաղաքական սակարկության միջոցով ", - կարծում է նա։
Այս լույսի ներքո՝ Ղազարյանն անհրաժեշտ է համարում մեծացնել Հայաստանի ակտիվությունը' հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու նպատակով: Նշելով, որ Եվրամիության ակտիվացումն այս հարցում Թուրքիային ուղղված մեսիջ է, իրավաբանն ընդգծել է, որ Անկարայի պատասխանն անխուսափելի է:
"Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայի մաս են կազմում։ Եվ եվրոպացիները պետք է մտահոգություն դրսեւորեն սեփական սահմանների անվտանգությամբ։ Այս լույսի ներքո՝ մենք պետք է ավելի շատ շեշտադրենք Բաքվի վարած ռասիզմի քաղաքականությունը։ Քանի որ այդ ամենն ուղղակիորեն առնչվում է եվրոպական անվտանգությանը։ Եվ ես համոզված եմ, որ մենք հաջողություններ կգրանցենք այդ ուղղությամբ", - ամփոփել է իրավաբանը։