
Արմինֆո. Այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին եւ գերիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ, եւ աճյունները վերադարձնել ընտանիքներին: Այդ մասին ասված է կազմակերպության էջում հրապարակված հայտարարության մեջ։
"Բոլոր նրանք, ովքեր ազատազրկված են հակամարտությանն առնչվող պատճառներով, պետք է վերադարձվեն իրենց տները, իսկ սպանվածների հարազատները պետք է հնարավորություն ունենան իրենց հարազատների աճյունները ստանալ կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9 - ին ստորագրված համաձայնագրին համապատասխան", - ընդգծել են փորձագետները:
Ընդ որում, նրանք համոզված են, որ անհայտ կորածների ճակատագրի եւ գտնվելու վայրի մասին տեղեկատվության բացահայտման անկարողությունը եւ զոհվածների աճյունները հանձնելուց հրաժարվելը կարող են հավասարազոր լինել բռնի անհետացմանը, որի կանխարգելման պարտավորություն են ստանձնել եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը:
"Մենք անհանգստացած ենք այն պնդումներով, որ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք ենթարկվել են արտադատական սպանությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների եւ այլ դաժան վերաբերմունքի։ Ոչ մի բացառիկ հանգամանք՝ լինի դա պատերազմական վիճակ, ներքին քաղաքական անկայունություն, թե ցանկացած այլ արտակարգ դրություն, չի կարող խոշտանգումների և բռնի անհետացումների արդարացում լինել։ Նման գործողությունները, երբ դրանք իրականացվում են զինված հակամարտության ընթացքում, կարող են գնահատվել որպես պատերազմական հանցագործություն", - ընդգծել են ՄԱԿ-ի փորձագետները։
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ բազմաթիվ հաղորդումներ են ստացվում քաղաքացիական անձանց եւ ռազմագերիների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ մահացածների մարմինների պղծման մասին: "Մենք լրջորեն մտահոգված ենք դաժան վերաբերմունքի եւ մարմինների պղծման մասին հաղորդագրությունների առնչությամբ", - հայտարարել են փորձագետները, արձանագրելով, որ կողմերի միջեւ սկսվել է ռազմագերիների եւ գերիների փոխանակման գործընթաց: Այդ կապակցությամբ Նրանք կողմերին կոչ են արել փոխանակումն ավարտել "բոլորին՝ բոլորի դիմաց" սկզբունքով, պարզել անհայտ կորածների ճակատագիրն ու գտնվելու վայրը եւ արժանապատվորեն վարվել դիակների հետ:
"Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում մանրակրկիտ, արագ, անկախ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնել հակամարտության ընթացքում եւ դրանից հետո մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ պնդումների առնչությամբ, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, եւ փոխհատուցում տրամադրվի տուժածներին: Այդ գործողությունները կնպաստեն ճշմարտության հաստատմանը, հաշտեցմանն ու ապաքինմանը", - ամփոփել են փորձագետները, հավելելով, որ շարունակում են փոխգործակցությունը երկու երկրների իշխանությունների հետ եւ ուշադիր հետեւում իրավիճակին։
Նշենք, որ մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով գերիների, ռազմագերիների, անհայտ կորածների քանակի մասին ստույգ տվյալներ չկան: