


Արմինֆո. Աղդամում (Ակնա) կայացել է ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի բացումը։
Ինչպես հաղորդում է Trend-ը, բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Գարաոսմանօղլուն եւ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Տարածքի ընդհանուր մակերեսը, որտեղ տեղակայված է կենտրոնը, կազմում է մոտ 4 հա։ Տարածքում գտնվում են 65 մոդուլային տիպի ծառայողական տարածք և բնակության համար նախատեսված տարածքներ, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Տարածքը ցանկապատված է, տեղադրված է չորս դիտարկման աշտարակ, կազմակերպվել է շուրջօրյա պահպանություն: Համատեղ մոնիթորինգային կենտրոնի պահպանությունն իրականացնելու է ադրբեջանական բանակը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ՌԴ ՊՆ-ն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան: Համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվում է պարիտետային սկզբունքով՝ հրամանատարական կետի տեսքով, որտեղ յուրաքանչյուր կողմից ընդգրկվել են հավասար թվով ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուր ազգային կառույցի ղեկավարով:


