


Արմինֆո. Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը օգտակար կլինեն տարածաշրջանի բոլոր երկրներին։ Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ այդ նորմալացումից ամենաշատը օգուտ կքաղեն Հայաստանն ու Հայաստանի բնակչությունը։ "Այդ պատճառով մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այդ ուղղությամբ", - ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա ևս մեկ անգամ փաստել է, որ Հարավային Կովկասում հրադադար է ձեռք բերվել։ "Մենք բոլորս ցանկանում ենք կայուն հրադադարի ռեժիմ։ Բայց ցանկանալը բավարար չէ, պետք է ավանդ ներդնել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությամբ եւ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների աջակցությամբ նախատեսվում է "3 + 3" ձեւաչափով համագործակցություն Հարավային Կովկասի շուրջ: Նախքան Թուրքիա այցը՝ Ջավադ Զարիֆը այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան, կարծիքներ է փոխանակել այդ հարցի շուրջ", - նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը, հաղորդում է APA-ն:
Չավուշօղլուի խոսքով՝ ինքը Զարիֆի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում եւ Հարավային Կովկասում: Վերջում նա տեղեկացրել է, որ այսօրվանից սկսվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների և առաջնորդների մակարդակով հանդիպումների նախապատրաստումը:



