
Արմինֆո. Ընդհանուր առմամբ, Իրանի ԱԳ նախարար Զարիֆի տարածաշրջանային շրջագայությունը կարելի է բնութագրել որպես Թեհրանի անհանգստություն՝ պայմանավորված 44-օրյա պատերազմի արդյունքներով եւ հետեւանքներով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կարնեգիի մոսկովյան կենտրոնի փորձագիտական խորհրդի անդամ, "Քաղաքակրթությունների երկխոսություն" ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն։
Հունվարի վերջը նշանավորվեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի երկրորդ տարածաշրջանային այցով։ Իրանցի դիվանագետը շրջագայության շրջանակներում եղել է Ադրբեջանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում եւ Թուրքիայում: Զարիֆի այցի նպատակների թվում են "բանակցությունների անցկացումը եւ ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալու, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ նոր գաղափարների առաջխաղացումը":
"Այդ պատերազմի արդյունքում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի տարածաշրջանային ռազմական դիրքերի ամրապնդումից հետո Իրանն այսօր Հարավային Կովկասում սեփական դիրքավորմանն առնչվող խնդիրներ ունի։ Եվ այդ խնդիրները Բաքվի ու Անկարայի կողմից արդեն իսկ անցկացվող և անցկացվելիք զորավարժությունների ֆոնին միայն խորանում և ամրապնդվում են", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո, ըստ փորձագետի, Իրանը, ինչպես եւ ահաբեկչական սպառնալիքի աճով մտահոգ ցանկացած այլ երկիր, իր անվտանգության համար անհանգստություն է դրսեւորում: Մալաշենկոն, մասնավորապես, ընդգծել է Թեհրանի արդեն իսկ նկատվող բավական լուրջ անհանգստությունը ինչպես, ըստ էության, պատերազմի, այնպես էլ դրա հետեւանքների վերաբերյալ: Առաջին հերթին՝ Իրանի սահմաններին նոր սպառնալիքների հերթական մոտեցմամբ։ "Դիվանագիտության լեզուն բազմաթիվ երանգներ ունի ։ Այս լույսի ներքո՝ ես այնքան էլ ուղիղ չէի ընկալի Զարիֆի որոշ, մասնավորապես, Բաքվի հայտարարությունները։ Հայաստանը Իրանի համար մնում է ռազմավարական կարեւորություն ունեցող գործընկեր երկիր։ Եվ նման երկիրը Թեհրանը կպահպանի եւ կաջակցի ՝ անկախ ուժերի տարածաշրջանային հավասարակշռության որեւէ փոփոխությունից", - ընդգծել է նա։
Մալաշենկոյի գնահատմամբ ՝ իրանցիները դա անում են եւ կշարունակեն անել իրանական դիվանագիտությանը բնորոշ սեփական ոճով: Մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ արդեն ձեռք բերված և ակնկալվող պայմանավորվածությունների լույսի ներքո ։ Փորձագետի գնահատմամբ, հաշվի առնելով Իրանի շահերն այս հարցում, Իրանի նախարարի տարածաշրջանային այցը տեղի է ունենում միանգամայն ճիշտ ժամանակահատվածում: "Այդ գործընթացներին միջամտելու իրավունք Թեհրանն ունի, սպասենք դրա արդյունքներին", - ամփոփել է Մալաշենկոն: