Արմինֆո. Գերիների հետ կապված խնդրի շուտափույթ լուծման լավագույն տարբերակը կլիներ "բոլորին՝ բոլորի դիմաց" բանաձևով փոխանակումը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով գերեվարված անձանց վերադարձի հարցին։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ ս.թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթաժողովում նրանց միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ռազմագերիների եւ այլ պահված անձանց վերադարձի խնդիրների շուրջ աշխատանքը շարունակվում է: "Ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում այդ հարցերում, այդ թվում ՝ իր խաղաղապահ զորախմբի գծով, որը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում կողմերի շփման գծի երկայնքով։
Ինչպես ընդգծել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այդ խնդրի շուտափույթ լուծման լավագույն տարբերակը կլիներ գերիների փոխանակումը "բոլորին՝ բոլորի դիմաց" բանաձեւով", - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հումանիտար կենտրոնի գործունեության հարցին՝ Զախարովան հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետ կապված ամեն ինչ գտնվում է Ռուսաստանի ԱԻՆ-ի տնօրինման ներքո: "Մեր մասնագետները տարածաշրջանում աշխատում են մարդասիրական առաքելության շրջանակներում 2020 թվականի նոյեմբերից ի վեր ՝ համահավաք խմբի աշխատանքի գերակա ուղղությունների թվում՝ բժշկական օգնություն տեղի բնակչությանը, տարածքի ականազերծում, պարեկություն ՝ եղանակային անբարենպաստ պայմաններում արտակարգ պատահարների կանխարգելման և վերացման նպատակով: ԱԻՆ-ը եւ ռուսական մյուս գերատեսչությունները սերտ կապի մեջ են հայկական, ադրբեջանական կողմերի հետ, այդ թվում ՝ հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գործունեության հետ: Ավելի մանրամասն տեղեկությունների համար խորհուրդ եմ տալիս դիմել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն", - ասել է նա։
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի օրակարգի մասին հարցին ՝ նա հաստատել է միջնորդների ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրությունը: Ընդ որում, Զախարովան հավելել է, որ այցի ժամկետը որոշված չէ, իսկ դրա մանրամասները պետք է համաձայնեցվեն բոլոր կողմերի հետ: