Արմինֆո. Ռուսաստանն այսօր որևէ կերպ շահագրգռված չէ Արցախի կարգավիճակի որոշման հարցում և անհրաժեշտ է համարում այդ հարցի "սառեցումը"։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը՝ մեկնաբանելով "Արցախի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ապագային թողնելու" ՌԴ ԱԳ նախարար Լավրովի արձանագրումը։
Այս լույսի ներքո՝ Սերգեյ Լավրովը, ըստ քաղաքագետի, ընդամենը, իրերն իրենց անուններով է անվանել, արտահայտելով Մոսկվայի իրական մտադրությունները, քանի որ այսօր անհնար է կարգավիճակի հարցի լուծում գտնելը, որը բավարարի ոչ միայն հակամարտող կողմերին, այլև, առաջին հերթին, Ռուսաստանին։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է հասկանալ, որ Ռուսաստանը մտել է տարածաշրջան, հսկայական ծախսերը իր վրա է բարդել բնավ ոչ ամենաբարի դրդապատճառներից ելնելով։ Եվ, առավել ևս, ոչ առանց սեփական՝ հեռուն գնացող ծրագրերի։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանն Արցախի վերաբերյալ հեռահար ծրագրեր ունի։ Եվ ունի սեփական տեսլականներ այն տարածքի վերաբերյալ, որն այսօր գտնվում է իր վերահսկողության տակ, ընդհուպ՝ դրա վերածումը ենթամանդատայինի: Եվ եթե նման մտադրություններ հնարավոր չէ ձևակերպել այսօր, ապա դա կարող է իրական դառնալ վաղը, նույնիսկ՝ մի քանի սերունդ հետո։ Այդ լույսի ներքո՝ Մոսկվան, Դուբնովի կանխատեսմամբ, կանի հնարավորը՝ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
"Մենք՝ ռուսաստանցիներս, արդեն 20 տարի ապրում ենք մի իշխանության օրոք, որն ասում է մի բան, իսկ անում է միանգամայն հակառակը։ Այս լույսի ներքո՝ ես լրջորեն չէի դիտարկի նույն Լավրովի հայտարարությունները՝ Ռուսաստանի կողմից Արցախի հանդեպ որևէ սեփական հավակնություններ չունենալու մասին ։ Իսկ նույն Մինսկի խումբն այսօր յուրօրինակ տանիք է, որի տակ Մոսկվան դեռ շատ երկար կարող է իրականացնել վաղուց ծրագրված գործողությունները", - ընդգծել է նա։
Դուբնովը, այդ լույսի ներքո, ենթադրում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ը չի ընդունի Արցախի կարգավիճակի վերաբերյալ Մոսկվայի ցանկություններից տարբեր որոշում։ Մինսկի խումբը, ըստ նրա կանխատեսումների, ընդամենը, կմնա որոշման երկար, անվերջանալի գործընթացի իրավական ձեւակերպումը, որին պարբերաբար կավելացվեն նոր ակտեր:
"Ի վերջո, պնդելով այսօր կարգավիճակի հարցի լուծման անհնարինության մասին, Լավրովը խոսում է Պուտինի անունից: Այնպես որ, խոսք անգամ չի կարող լինել որեւէ Մինսկի մասին՝ այդ հարցում իր հատուկ նախասիրություններով: Եվ դա պետք է հասկանան բոլորը՝ ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը։ Պետք է
հասկանան եւ համապատասխան հետեւություններ անեն", - ամփոփել է Դուբնովը։