Արմինֆո. Մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 30-ը Հայաստանում կներդրվի կրթության ոլորտում տեղեկատվական համակարգի վարման նոր կարգ: Այդ մասին հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրել է, որ նոր համակարգը ներդրվում է Հայաստանի խորհրդարանի վերջին նիստում "Կրթության մասին"օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա: Փոփոխությունները թույլ կտան կարգավորել կրթական համակարգի աշխատանքը COVID-19-ի պայմաններում եւ ընդլայնել դրա թվայնացման դաշտը, որում կներգրավվեն կրթության բոլոր մակարդակները: Ընթացիկ տարում կսկսվի նոր համակարգում քոլեջների եւ ուսումնարանների ընդգրկման գործընթացը, իսկ ամբողջ գործընթացը կավարտվի հաջորդ տարի: Դրանով, փոխնախարարի խոսքով, կրթության թվային համակարգը հասանելի կլինի կրթության բոլոր մակարդակների համար։
Ներկայումս լուծվում են անհրաժեշտ սարքավորումների, մասնագետների վերապատրաստման եւ ծրագրային ապահովման հետ կապված հարցեր: Բացի այդ, նշել է Ժաննա Անդրեասյանը, աշխատանքներ են տարվում ատեստատների թվայնացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա հրաժարվել դրանց թղթային տարբերակից: Այս գործընթացը կսկսվի այս տարվանից եւ կավարտվի 2022 թվականին։ Այդ աշխատանքները կիրականացվեն առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Կփոխվի նաև դպրոցների ֆինանսավորման համակարգը, որը կդառնա ավելի ճկուն և կխրախուսի ուսումնական հաստատությունների գործունեությունը լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ։