Արմինֆո. Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային շրջագայության շրջանակներում հունվարի 24-ին կայցելի Բաքու։
Ինչպես հաղորդում է <Թուրան>-ը՝ վկայակոչելով <ԻՌՆԱ> գործակալությունը, Զարիֆին կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպումների թեման կլինի <երկկողմ հարաբերությունների և համագործակցության տարբեր ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային հարցերը> ։ Մասնավորապես, կքննարկվեն <Լեռնային Ղարաբաղում տարածքների ազատագրումից հետո տարածաշրջանում ստեղծված համագործակցության հնարավորությունները՝ ներառյալ իրանական ընկերությունների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը>, ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Զարիֆը կայցելի նաեւ Մոսկվա, Թբիլիսի եւ Երեւան, որտեղ կքննարկի տարածաշրջանային գործընթացներին իրանական կողմի մասնակցության հարցը:
<Բացի այդ, Իրանը մտահոգված է Հայաստանի տարածքով Նախիջեւան երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների կառուցման ծրագրերով ։ Դա նվազեցնում է Իրանի դերը, քանի որ մինչ օրս Ադրբեջանի ցամաքային և օդային կապը Նախիջևանի հետ իրականացվում էր Իրանի տարածքով ։ Թեհրանը նաեւ համառորեն եւ բոլոր մակարդակներում առաջարկում է իր մասնակցությունը <ազատագրված տարածքներում> ենթակառուցվածքի վերականգնմանը>, - հայտնում է գործակալությունը։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ Զարիֆը Երեւան կայցելի հունվարի 27-ին: Նախատեսված են Իրանի նախարարի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Բանակցությունների օրակարգային հարցերի թվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։