Արմինֆո. <Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
<Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար պայքարող հայ ժողովրդի, դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը: Մեծ հայրենասերի ու հայի այդ կերպարը հենց այդպես էլ կմնա մեր նորագույն պատմության հերոսական էջերում և յուրաքանչյուր հայի սրտում:
Սրբազա՛ն Հայր, թույլ տվեք մեր հավատավոր ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ հայտնել խորին հարգանացս հավաստիքը և երախտագիտության ու բարեմաղթանքի ամենաջերմ ու անկեղծ խոսքերը: Արեւշատություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ: Թող Աստծո լույսն ու զորությունը միշտ ուղեկցեն Ձեզ: Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ որ լինեք>,- գրելմ է նա։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։