Արմինֆո. Ստեփանակերտում հայտնաբերվել է ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին:
Հանրապետության Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված <<Հունդայի>> մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:
Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է: