Արմինֆո.ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նորընտիր նախագահ Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ մի շարք հարցեր է հնչեցրել, այդ թվում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության եւ Սպիտակ տան կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի մամուլի ծառայությունից, սենատոր Մենենդեսն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա՝ վերջինիս հարակից գրեթե բոլոր տարածաշրջաններում, հատկապես Սիրիայում, Լիբիայում, Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում և Կիպրոսի ջրերում: Մենենդեսը հատուկ ուշադրություն է դարձրել Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմին ՝ դատապարտելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումներն ու ռազմական գործողությունների հրահրումը ։
Ընդ որում, սենատորը Բլինքենից հետաքրքրվել է, թե արդյոք Բայդենի վարչակազմը <բաց աչքերով> է նայում Թուրքիային, ինչին վերջինս պատասխանել է. <Մենք <բաց աչքերով> ենք նայում: Թուրքիան դաշնակից է, որը, ինչպես դուք ասացիք, շատ առումներով գործում է ոչ այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը ։ Մեզ համար դա շատ լուրջ մարտահրավեր է, մենք շատ հստակ ենք նայում դրան>:
Մենենդեսը նաեւ հույս է հայտնել, որ Սպիտակ տան վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը ՝ նշելով, թե որքան դժվար է Հայաստանում ԱՄՆ դեսպաններին այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՝ չարտասանելով ցեղասպանություն բառը:
Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում ՝ Թուրքիայի կողմից ՌԴ-ից C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հետ կապված պատժամիջոցների սահմանումը, Մագնիտսկու ցուցակի մեջ առաջնորդների ներառումը, որոնք ներգրավված են կոռուպցիոն սկանդալներում եւ մարդկության դեմ հանցագործություններում:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA) ընդգծել են, որ շարունակելու են իրենց քաղաքական առաջնահերթությունների լուծմանն ուղղված աշխատանքները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Ցեղասպանության ճանաչման, ադրբեջանա-թուրքական տանդեմի նկատմամբ պատժամիջոցների սահմանման եւ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության ավելացման համատեքստում: