Արմինֆո. Հայաստանը պետք է Իրանի հետ աշխատի, որպեսզի Սյունիքի մարզը շարունակի ցանկացած պարագայում մնալ կենսական տրանսպորտային հաղորդակցության ուղի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը ՝ անդրադառնալով Մեղրիի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկման նախագծի իրականացմանը՝ այսպես կոչված, հաղորդակցության ապաշրջափակման համատեքստում, որի իրականացումը չի բխում նաև Իրանի շահերից։
Իրանագետի համոզմամբ, եթե այդ ապաշրջափակման ծրագիրը կյանքի կոչվի, ապա մեծ է ռիսկայնությունը, որ նախիջևանյան ուղին կարող է պատճառ դառնալ, որ Իրանի հետ Սյունիքով անցնող կապը դառնա լուսանցքային, մարգինալ, ինչը չի բխում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի շահերից։ Այս համատեքստում էլ երկկողմ հարաբերություններում շատ անելիք կա։
<Մյուս խնդիրը Սյունիքի մարզի տնտեսական հզորացմանն ուղղված անելիքներն են: Այդ հարցում լուրջ դերակատարում կարող է ունենալ իրանական կողմը իր մասնակցությամբ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Մեղրիում կա ազատ տնտեսական գոտի, որը, ցավոք, չի գործարկվել։Մինչդեռ դրա գործարկումը կարող է տնտեսապես խթանել Սյունիքի մարզը, իսկ, հաշվի առնելով այդ մարզի անվտանգային նշանակությունը մեր երկրի համար, տնտեսական զարգացումն այնտեղ շատ կարևոր է>,- նշել է Ոսկանյանը։
<Անկեղծ ասած, Հայաստանի այս իշխանություններից ես չեմ ակնկալում որևէ գործնական քայլ այս ուղղությամբ, որովհետև ակնհայտ է, որ այսօրվա իշխանություններն ունակ չեն առաջ մղելու Հայաստանի շահերից բխող որևէ օրակարգ։ Դա ցույց է տվել փորձը, հատկապես վերջին ամիսների փորձը։ Բայց կան կարևոր երկկողմ օրակարգեր, որոնց անդրադարձը, բնականաբար, շահավետ կլինի Հայաստանի համա>,- նշել է նա։
Հարկ է նշել, որ իրանական կողմը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի մասին ։ Ըստ իրանական կողմի՝ Հայաստան և Վրաստան այցը կկայանա արդեն հաջորդ շաբաթ։