Արմինֆո. Ղազախստանը Հայաստան նավթամթերք կմատակարարի։ ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում քննարկում է Հայաստանի Հանրապետություն նավթի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը:
Փաստաթուղթը վավերացման ներկայացրած՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հուլիսի 16-ին: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և գործարար ակտիվության բարձրացմանը: Ղազախական նավթամթերքների մատակարարումները կիրականացվեն հաստատված ծավալների եւ տեսակների շրջանակներում: Ընդ որում, այդ արտադրանքը կազատվի մաքսային վճարներից ։ Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կկազմվի հաջորդ տարվա ինդիկատիվ հաշվեկշիռը, որով ամեն տարի կհաստատվեն արձանագրությունները, որոնցում կներկայացվեն նավթամթերքների ծավալներն ու տեսակները ։
Ղազախստանյան նավթամթերքների մատակարարումները, ինչպես նշել է փոխնախարարը, հնարավորություն կտան բարձրացնել մրցակցությունը ներքին շուկայում, դրական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Նա հիշեցրել է, որ նման համաձայնագիր գործում է նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ ։ Մատակարարումների երկու աղբյուրների առկայությունը հնարավորություն կտա ավելացնել ներկրողների և շուկայի մասնակիցների թիվը, ինչը կանդրադառնա նաև վերջնական գնի վրա ։
Վաչե Տերտերյանը տեղեկացրել է նաև, որ Ղազախստանում փաստաթուղթն անցնում է ներպետական ընթացակարգ, որը մի փոքր ձգձգվել է՝ խորհրդարանական ընտրությունների պատճառով: Նա վստահություն է հայտնել, որ արդեն մոտ ժամանակներս համաձայնագիրը կվավերացվի Ղազախստանի խորհրդարանի կողմից: