Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում ընդունել է <<2006թ. նոյեմբերի 6-ի` Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի եւ դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված> համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ղազախստանի Հանրապետության հետ կնքված վերոնշյալ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ հարկային դաշտի մեխանիզմների դյուրացմանը, կստեղծի իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար, հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաեւ կխթանի ԵԱՏՄ շրջանակներում տվյալ բնագավառին առնչվող համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:
Նշենք, որ Ղազախստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ ներկայումս երկրում գրանցված է 42 իրավաբանական անձ՝ հայկական կապիտալի մասնակցությամբ:
2019թ.-ին Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 16 միլիոն դոլար, ինչը 2 միլիոն դոլարով ավելին է, քան 2018թ.-ին: