Արմինֆո. Ադրբեջանական ծագման մթերքներ Հայաստան չեն ներկրվել։ Այդ մասին հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
" Շուկայում ժամանակ առ ժամանակ հայտնվում է այլ լեզուների հետ համատեղ արված ադրբեջաներեն մակնշմամբ սննդամթերքը, ինչը նշանակում է, որ արտադրանքը նախատեսված է նաև այդ երկրի, ինչպես նաև այլ շուկաների համար: ",- ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել էր, որ տասնյակ տարիներ Հայաստանի շուկայում եղել են ապրանքներ թուրքերեն և ադրբեջաներեն մակնշմամբ, կային բազմաթիվ թուրքական ապրանքներ, և դա այն ժամանակ համարվում էր նորմալ ։ "Հիմա, եթե մենք պնդենք, որ "Սանդորան" կամ "Կոկա-Կոլան" մեզ վաճառեն այն ապրանքը, որի վրա ադրբեջաներեն մակնշում չկա, ապա գնաճը կբարձրանա մինչեւ 10 տոկոս, քանի որ այդ ընկերությունները պետք է գումար ծախսեն եւ ապրանքի արժեքի մեջ տարբերություն մտցնեն", - ասել է նախարարը: