Արմինֆո. Հայաստանում բնագիտական առարկաների կրթության որակը բարելավելու և սովորողների համար որակյալ կրթական նյութեր ապահովելու նպատակով «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը սկսում են «Քան» ակադեմիայի կայքի ֆիզիկայի և քիմիայի բաժինների նյութերի տեղայնացմանն ուղղված համագործակցություն:
Արդյունքում հայ սովորողների համար «Քան» ակադեմիայի կայքում անվճար հասանելի կդառնան ֆիզիկայի և օրգանական քիմիայի բաժինները՝ դասավորված ըստ պետական չափորոշիչների թեմաների: Այդ մասին հաղորդում է «Այբ» կրթական հիմնադրամը:
«Հատկապես այս օրերին, երբ մեր կրթական համակարգի առջև առկա են մի շարք խնդիրներ և մարտահրավերներ՝ պայմանավորված նաև հեռավար կրթությամբ և համավարակով, որակյալ առցանց նյութերի առկայությունը, հատկապես բնագիտական առարկաներից, առավել քան կարևոր է երեխաների կրթության շարունակականության ապահովման և գիտական առարկաների հանդեպ հետաքրքրության և ըմբռնման բարձրացման համար:
ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի շրջանակում մինչև հաջորդ ուսումնական տարին «Քան» ակադեմիայի կայքում հասանելի կլինեն ֆիզիկայի 7-12-րդ դասարանների համար նախատեսված և օրգանական քիմիայի տեսանյութերը, վարժություններն ու հոդվածները՝ տեղայնացված ըստ նոր չափորոշիչների:
Մենք կարծում ենք, որ բնական գիտությունների զարգացումն առաջնահերթություն է, և ժամանակակից որակյալ կրթական նյութերի առկայությունը կարող է գիտատեխնոլոգիական ոլորտի և գիտության զարգացման կայուն հենք դառնալ:
«Այբ» կրթական հիմնադրամը գործընկերների հետ համագործակցությամբ շարունակում է կրթական նոր ու ժամանակակից հնարավորություններ ստեղծել մեր երեխաների լավագույն ապագայի համար», - ասվում է հաղորդագրությունում: