Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Արցախի 44-օրյա պատերազմի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Իր հոդվածում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները չեն անդրադարձել Արցախի կարգավիճակին, եւ, փաստացի, ենթադրվում էր միայն Ադրբեջանին 7 շրջանների հանձնում:
Ի պատասխան Փաշինյանի այդ հոդվածին՝ Պոպովը ընդգծել է. "Ռուսական առաջարկները, հավանաբար, ենթադրում են փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին խմբագրությունը կողմերին է փոխանցվել 2019թ. հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այդ ծրագրի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, իսկ երկրորդում ՝ երկուսի, ընդ որում, դա հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ շաղկապված։ Առաջին փուլում Երևանի շահերն արտացոլող մյուս տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը և այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները "հենց այնպես", մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ. "Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետում համաժողովրդական քվեարկության ճանապարհով՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, որն արտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտումը եւ ունենա իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան: Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու, իսկ քվեարկության ցանկացած արդյունք հարգվելու է Կողմերի կողմից"։ Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունը եւ կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին։ Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորը՝ բանակցությունները վարվել են կանոնավոր հիմունքով։ Ընդհուպ՝ 2018 թվականը, երբ Երևանն առաջ քաշեց նոր մոտեցումներ" ։