Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր զինվորական քննչական վարչության (ԳԶՔՎ) շենքի մոտ շարունակվում է անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան։
Նրանցից մի քանիսի տվյալներով, Ջեբրաիլի սպաների ամբողջ անձնակազմը, զինվորներին առաջնագիծ բերելով, թողել են նրանց եւ փախել: Այս կապակցությամբ ծնողները ներգրավել են իրավաբանների, քանի որ ցանկանում են, որպեսզի մեղավորներն, օրենքի համաձայն, կրեն արդար պատիժ իրենց արարքների համար։
Անհետ կորած զինծառայողի մայրեր Լիլիթ Բադալյանի ասելով, անցյալ տարվա հոկտեմբերից որդու հետ կապ չկա: "Մենք ցանկանում ենք, որ մեզ լսեն, որ այդ ուղղությամբ աշխատեն, այլ ոչ թե աշխատելուց հետո գնան իրենց տուն ու հանգիստ քնեն, մինչդեռ մենք մի ատյանից մյուս ատյան ենք վազում։ Մեզ հետ պետք է լինի որևէ ղեկավար, ով կարող է պատասխանել բոլոր հարցերին", - ասել է նա։ Բացի այդ, նշվել է, որ նոյեմբերի 2-ին մի խումբ ծնողներ պաշտոնական հաղորդմամբ դիմել են Քննչական կոմիտե, որում ներկայացրել են ռազմական հրամանատարության հանցագործությունները, մասնավորապես, սխալ հրամանները, որոնց արդյունքում հայկական կողմը կորուստներ է ունեցել:
Միաժամանակ, Լ.Բադալյանը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետի Մոսկվա կատարած աշխատանքային այցի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման շրջանակներում կհաջողվի լուծել գերիների, անհետ կորածների վերադարձի հետ կապված և այլ հարցեր:
"Վարչապետը պետք է ինչ-որ բան անի, և ես հավատում եմ, որ կանի։ Հարցը պետք է լուծվի, որովհետև ծնողներն այնպիսի վիճակում են, որ ամեն ինչի պատրաստ են", - ընդգծել է նա։