Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային ուղղությունների վերաբերյալ նոր քայլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
"Այսօր կարևոր կլիներ, նախ և առաջ, նախանշել կարգավորման առանցքային ուղղությունների հետագա քայլերը, որոնք նախանշված էին նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը, սահմանագծերի հստակեցումը, հումանիտար խնդիրների լուծումը, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանությունը", - ասել Է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները հետևողականորեն իրագործվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդարացի կարգավորման համար: "Այսօր կարելի է գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են։ Մեր համոզմամբ, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում երկարամյա հակամարտության տևական և լիարժեք կարգավորման համար արդար հիմքի վրա' ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների", - ասել է նա:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հանգիստ է, տարածաշրջան է վերադարձել արդեն 48 հազար փախստական: "Այժմ իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է։ Շատ բան է արվում մեր կողմից ՝ ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի համար։ Նոյեմբերի 14-ից (2020թ.) ի վեր Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 48 հազար մարդ", - ասել է ռուսական պետության ղեկավարը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ հատուկ ուշադրության է արժանի "տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման" խնդիրը: "Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ", - նշել Է Պուտինը: