Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, թե ՀՀ ԱԳ նախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտում է, ամբողջովին սին և հիմնազուրկ է: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցերին:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի մտցնում Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներում կապերի մասով: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված էր հրադադար հաստատելուն և Արցախ ռուս խաղաղապահներ տեղակայելուն, չի արձանագրում որևէ համաձայնություն Արցախի կարգավիճակի մասով: Եվ այդ տեսակետից այն բոլոր պնդումները, որ Արցախի կարգավիճակի մասով տեղի են ունեցել փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում:
Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա», - ասել է նա:
Նշենք, որ այսօր Իլհամ Ալիեւը ռազմատենչ ձեւով Հայաստանի պաշտոնյաներին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղ ուղեւորություններից, ընդգծելով, որ դա, իբր, խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը: "Թող նրանք չմոռանան պատերազմի մասին։ Այդ ուղեւորություններին պետք է վերջ դրվի։ Նախազգուշացնում ենք, որ եթե նման սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, ապա Հայաստանն էլ ավելի կզղջա", - ասել է Ալիևը 2020-ի արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։