


Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ։
Նրա խոսքով ՝ Մոսկվայում ելնում են այն բոլոր պայմանավորվածությունների անվերապահ կատարման անհրաժեշտությունից, որոնք կողմերը արձանագրել են նոյեմբերի 9-ի Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ: Այս առումով շարունակվելու է Բաքվի և Երևանի հետ միջնորդական փոխգործակցությունը։ <Օրակարգում են հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալը, ինչպես նաեւ տեղանքի մաքրումը պայթունավտանգ առարկաներից, ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը ՝ անկախ դրանց կրոնական պատկանելությունից, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այս բոլոր ուղղություններով որոշակի դրական տեղաշարժ կա, բայց առաջանում են նաեւ խնդիրներ, որոնք անխուսափելի են ՝ հաշվի առնելով իրավիճակի արտառոց լինելը>, - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը ։
Ինչ վերաբերում է մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանը, ապա, ինչպես հավաստիացրել է Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը վերահաստատում է, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով հանդիպումների կազմակերպմանն աջակցելու իր պատրաստակամությունը, հենց որ կողմերը պատրաստ լինեն դրան:


