Արմինֆո. Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների տարածաշրջան ներթափանցելու համար։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։
"Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման փորձերի համար։ Այստեղ մենք թուրք գործընկերների հետ բացարձակ միասնական դիրքորոշումներ ունենք", - ասել է նա։
"Ողջունում ենք Անկարայի ձգտումը՝ աջակցելու հակամարտության կողմերի պարտավորությունների կատարմանը։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված պայմանավորվածության շրջանակներում, ինչպես նաեւ հրադադարի պարտավորությունների կատարման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում", - ընդգծել Է Լավրովը, հիշեցնելով, որ այդ համատեղ կենտրոնը ստեղծվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների արդյունքում, եւ այժմ տեղի է ունենում դրա ակտիվ ծավալման գործընթաց: