Արմինֆո.«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների ևս քսան մասնակիցներ դեկտեմբերի 25-ին ստացան հավաստագրեր: Ծրագիրն անց էր կացվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
ԲՏԱՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով ողջունելով դասընթացի մասնակիցներին, հորդորեց կանգ չառնել՝ խորացնել ծրագրավորման ուղղությամբ գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման:
Նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանն էլ հատուկ շնորհակալություն հայտնեց Հայ-ռուսական համալսարանի ամբողջ դասախոսական անձնակազմին՝ նշելով, որ վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայել գիտելիքը մասնակիցներին հնարավորինս մատչելի փոխանցելու, գործընթացներն արդյունավետ ապահովելու և մասնագիտական գիտելիքները հնարավորինս մատչելի դարձնելու այլ ոլորտներից դեպի բարձր տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող մասնագետների համար։
«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացները մեկնարկել էին մայիսին առցանց ձևաչափով, որոնց դիմել է ավելի քան 5000 դիմորդ: Դիմորդներից 2000֊ն են անցել ընտրական փուլն ու հնարավորություն են ստացել մասնակցելու դասընթացներին, ընդ որում՝ Երևանից մասնակիցները 990֊ն էին, իսկ ՀՀ մարզերից և Արցախից՝ 1019֊ը: Վկայականներ և մասնակցության հավաստագրեր է ստացել 1009 մասնակից:
Ամբողջ ծրագրի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 100 ուսանողի համար Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կազմակերպել և ֆինանսավորելու է անվճար խորացված դասընթացներ, իսկ հետագայում լավագույն 5 մասնակիցները ներգրավվելու են համալսարանի նախագծերի աշխատանքներում:
ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհի նպատակն է տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար պայմանների ստեղծումը «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության միջոցով: Ծրագրի ընթացքում արդեն իսկ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն են հայտնել ամենատարբեր մասնագետներ տուրիզմի, բանասիրության, լրագրության, իրավագիտության, հաշվապահության, մանկավարժության, անգամ՝ վարսահարդարության և խոհարարության ոլորտներից։
«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների վերաբերյալ մանրամասներ ներկայացված են https://www.edu2020.am/ կայքում: