Արմինֆո. Սյունիքի մարզն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում։ Մենք մասնակցել ենք ռազմական գործողություններին և աջակցել թիկունքում։ Այս մասին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
Փարսյանը նշել է, որ հոկտեմբերի 18-ին Գորիսում վարչապետը խորհրդակցություն էր հրավիրել և Սյունիքի բնակիչներին առաջարկել էր անցնել ինքնապաշտպանության։ "Սյունիքի պաշտպանության համակարգող նշանակվեց գեներալ Արտակ Դավթյանը։ Մենք շատ արագ ինքնակազմակերպվեցինք և անցանք ինքնապաշտպանության։ Այդ ժամանակ մենք բոլորովին մենակ էինք, կառավարությունից ոչ ոք մեզ չէր օգնում։ Գեներալ Դավթյանը շատ արագ գնահատեց իրավիճակը և առաջարկեց մեզ որքան հնարավոր է շուտ շահեկան դիրքեր գրավել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Դա շատ կարեւոր էր մեր բնակավայրերը պաշտպանելու համար: Մենք դիրքեր էինք զբաղեցրել մեր բնակավայրերից հեռու, որպեսզի ստեղծենք պաշտպանական գիծ։ Շատ դժվար ու համառ մարտեր են եղել, այդ թվում ՝ Դավիթ Բեկ գյուղի մոտ։ Մենք ունեցել ենք զոհեր, սակայն մենք ոչ մի միլիմետր չենք նահանջել զբաղեցրած դիրքերից", - ընդգծել է Փարսյանը։
Կապանի քաղաքապետը նշել է, որ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրին համապատասխան, զինված ուժերը մնում են իրենց տեղերում: Եվ սյունեցիներն իրենց դիրքերից չեն շարժվել։ "Սակայն, դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարությունից հրաման է ստացվել թողնել դիրքերը և վերադառնալ Հայաստանի տարածք։ Սա շատ մեծ խնդիր է Կապանի բնակիչների համար։ Դիրք գրավելով Հայաստանում՝ մեզ մոտ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակառակորդը գտնվում է Կապան քաղաքից 1 կմ հեռավորության վրա։ Հիմա Կապանը թշնամու ուժերի թիրախ է դարձել, քանի որ նրանց են անցել մարզի համար նշանակալի բարձունքներ։ Նաև ճանապարհների անվտանգության հետ կապված խնդիր է առաջացել։ Մասնավորապես, խոսքը Գորիս-Կապան, Կապան-Ճակաթեն և Կապան-Ագարակ ճանապարհահատվածների մասին է։ Կապան-Ագարակ ճանապարհը չի օգտագործվում, քանի որ այն ամբողջությամբ գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ և որևէ լուծում այս հարցի վերաբերյալ չկա ։ Բարեբախտաբար, կա այլընտրանքային ճանապարհ, բայց դա բավականին երկար է եւ ձմռանը գրեթե անանցանելի: Այսպիսով, ճանապարհի տվյալ հատվածում գտնվող գյուղերը գրեթե շրջապատված են", - նշէլ է Փարսյանը։
Նա ընդգծել է, որ քաղաքում լարված իրավիճակ է, բայց խուճապ չկա։ "Ես վստահ եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք Սյունիքը", - նշել է Փարսյանը: Կապանի քաղաքապետը նաև հայտարարել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները որևէ ոտնձգություն չեն կատարել նոր դիրքեր գրավելու համար: Ավելին, Փարսյանը հայտարարել է, որ Սյունիքի բնակիչներին խոստացել են, որ համաձայնության գալու դեպքում իրենց դիրքորոշումը հաշվի կառնվի, բայց դա տեղի չի ունեցել։
"Մենք հանդիպել ենք պաշտպանության նախարարի հետ, հարցրել ենք, թե ինչու են մեզ ստիպում լքել պաշտպանական գիծը, որը մենք ստեղծել ենք։ Նախարարը, ի զարմանս մեզ, հայտարարեց, որ այդ մասին պայմանավորվածությունը եղել է առաջին օրվանից։ Վաղարշակ Հարությունյանը նաև նշել է, որ պաշտպանության գծի պահպանման մասին որևէ բանակցության մասին խոսք լինել չի կարող", - ընդգծել է Կապանի քաղաքապետը։
Նա նաև նշել է, որ Կապանի մոտակայքում գտնվող Կարմրաքար գյուղի տարածքում արդեն տեղակայված են ռուս սահմանապահներ, նրանք ծառայություն են իրականացնում նաեւ Գորիսում: Բայց տարածաշրջանում ռուսական ռազմակայանի մասին նա ոչինչ չի լսել։