Արմինֆո. Միջազգային սահմանի սահմանազատումը միշտ երկկողմանի գործընթաց է, այն միակողմանի կարգով չի իրականացվում։ Այս մասին Ռուսաստանի հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Պետդումայի պատգամավորը նշել է, թե այն փաստը, որ այժմ Ադրբեջանն ակտիվորեն իրականացնում է սահմանազատում, հայկական կողմի պարտություն է պատերազմում: "Մենք իրականում տեսնում ենք Հայաստանի անկարողությունը պաշտպանելու սեփական պետության շահերը։ Լուրջ դեպքերում հնարավոր է նաև ապահովել ռուսական կողմի ներկայությունը, բայց շատ կարևոր է հաշվի առնել Հայաստանի կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ։ Սակայն, այնուամենայնիվ, սահմանազատման գործընթացով պետք է զբաղվի Երեւանը, Հայաստանի փոխարեն ոչ ոք չի կարող զբաղվել այդ հարցով", - ընդգծել է Զատուլինը։
Նա նշել է, որ եթե Հայաստանի գործող իշխանությունը չի կարող զբաղվել այդ հարցով, ապա այդ իշխանության փոխարեն պետք է գան մարդիկ, ովքեր կկարողանան իրենց վրա վերցնել այդ հարցերի լուծումը։ Ռուսաստանցի պատգամավորի խոսքով՝ հենց դա է երկրում իշխանության գլխավոր պարտականությունը։
"Այժմ կարծիք կա, որ Ռուսաստանի նախագահը սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ: Գործող իշխանության օրոք ես ինքս չեմ գալու Երևան, որպեսզի որևէ մեկին անհարմար վիճակի մեջ չդնեմ։ Ես քննադատում եմ այդ իշխանությանը։ Սակայն պատմությունն ապացուցում է, որ հայ ժողովուրդը կարող է վերածնվել մոխրից։ Նույնիսկ չեմ կասկածում, որ այս անգամ էլ նման իրավիճակ կստեղծվի, եւ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ", - ընդգծել է Զատուլինը։
Պետդումայի պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը որևէ կերպ չի կարող միջամտել Հայաստանի ներքին գործերին: "Ադրբեջանը ցանկություն է հայտնում ինչ-որ միջանցքներ ճեղքել Սյունիքի տարածքով։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ կարելի է ստորագրել, բայց հարցն այն է, թե ինչ մթնոլորտում է դա արվում։ Չեմ կարծում, որ այդ կետերը պետք է առաջ մղել Էնվերի մասին հայտարարություններին զուգահեռ և այլն։ Ճանապարհ հարթել և այլն հնարավոր է, բայց այլ իրադրությունում, իսկ եթե այն չկա, ես չէի շտապի", - ընդգծել է նա։
Զատուլինը նաև նշել է, որ ժամանակին ռուսական կողմը հաղորդել է, որ Արցախում են գտնվում սիրիացի ահաբեկիչներ։ "Պետք է հասկանալ, թե հիմա ինչ է կատարվում։ Վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է Արցախը բնակեցնել սիրիացի ահաբեկիչներով, այդ թվում նաև նրանց, ովքեր հանդես են եկել ԻՊ-ի օգտին։ Սա բավականին վտանգավոր իրավիճակ է, ամեն ինչ պետք է հասկանալ", - եզրափակել է պատգամավորը։