Արմինֆո. ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ աշխատանքը եւ եվրոպական անվտանգության համակարգի պաշտպանությունը կդառնան ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության գլխավոր առաջնահերթությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է սկանդինավյան երկրի արտգործնախարար Անն Լինդեն։
"ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության գլխավոր առաջնահերթությունը լինելու է եվրոպական անվտանգության համակարգի պաշտպանությունը, այսինքն, այն սկզբունքների ու պարտավորությունների պաշտպանությունը, որոնց մասին մենք միասին պայմանավորվել ենք ԵԱՀԿ ներսում։ Մենք կաշխատենք ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների խաղաղ և կայուն լուծումների վրա, օրինակ Վրաստանում և Մոլդովայում ՝ այդ սկզբունքներին և պարտավորություններին համապատասխան։ Բացի այդ, մեր բոլոր գործողություններում ներկա կլինի գենդերային հավասարության ասպեկտը, իսկ այն ամենում, ինչ անելու ենք, "Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն" օրակարգն է", - նշել է նա։
Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Շվեդիան շարունակելու է նաեւ Մինսկի խմբի շրջանակներում աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին՝ այս աշնանը լուրջ մարտական գործողություններից հետո:
Թագավորությունը նաեւ մտադիր է նպաստել Ուկրաինայում հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին: "Մենք կաջակցենք եւ կաշխատենք գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի հետ, այսինքն ՝ նորմանդական ձեւաչափի, եռակողմ կոնտակտային խմբի հետ, որի մեջ մտնում են եւ Ուկրաինան, եւ Ռուսաստանը", - պարզաբանել է նախարարը: