Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում Անկարան ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ է ուղարկել Ադրբեջան։ Այդ մասին դեկտեմբերի 22-ին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
"Այժմ մեր անձնակազմից 60 մարդ գտնվում է Ադրբեջանում։ Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել։ Շինարարությունը շարունակվում է։ Մեր մարդիկ կաշխատեն ռուսների հետ", - ասել է նա։ Աքարը հստակեցրել է, որ այնտեղ գտնվելու ժամկետները քննարկվելու են ռուսական կողմի հետ։
Դեկտեմբերի 1-ին Մոսկվան եւ Անկարան ավարտել են Ղարաբաղի հարցով համատեղ կենտրոնի շուրջ բանակցությունները եւ համաձայնագիր են ստորագրել հրադադարի եւ այդ տարածաշրջանում բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ծավալման եւ գործունեության կարգի վերաբերյալ: Հաջորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ թուրք և ռուս զինվորականները մոտ ժամանակներս կանցնեն համատեղ կենտրոնում իրենց պարտականությունների կատարմանը։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայում, հակամարտության կողմերի միջեւ գերիների փոխանակում, Երեւանի կողմից Բաքվին տարածաշրջանի մի շարք շրջանների հանձնում, փախստականների վերադարձ ԼՂՀ եւ մոնիթորինգի կենտրոնի ստեղծում: Ռուսական դիտակետեր են տեղակայվել ԼՂՀ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը գտնվում է Ստեփանակերտում։