Արմինֆո. Գորիս համայնքի ղեկավարի առևանգման դեպքի առիթով Առուշանյանի փաստաբանները ոստիկանություն հաղորդում են ներկայացրել։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա տեղակալ Իրինա Յոլյանը ։
<Այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում նաև Առուշ Առուշանյանի կյանքին։ Հիշեցնեմ, որ վաղ առավոտից համայնքի ղեկավարին առևանգել են և մինչ այս պահը չի հաջողվում որևէ տեղեկատվություն ստանալ։ Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Նաև նշեմ, որ դեռևս Սիրսիանից Գորիս մտնող ճանապարհը փակ է, Գորիսում են նաև մարզի համայնքերի ղեկավարներ, բազմաթիվ քաղաքացիներ>,- գրել է նա։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Գորիսի քաղաքապետի նկատմամբ մի քանի վարույթ է սկսվել, որոնք այնուհետեւ կմիավորվեն մեկ գործի մեջ ։ Սակայն, թե ինչ հոդվածներով է ձերբակալվել Առուշանյանը, չի հաղորդվում։Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Գորիսից Երևան մայրուղում առավոտից ավտոմոբիլային մեծ խցանում է առաջացել ։ Ճանապարհը առավոտից արգելափակվել է Փաշինյանի՝ Սյունիք այցի դեմ հանդես եկող տեղացի ակտիվիստների կողմից։