Արմինֆո. Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները վերադարձել են հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է․ <Այս կարևոր հաջողության համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ ինտենսիվ կերպով շարունակվում են անհայտ կորածների որոնողական և, իհարկե, զոհվածների աճյունների վերադարձման աշխատանքները: Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրն ուղեկցած Արթուր Բաղդասարյանին և Թեմուր Արզումանյանին, ինչպես նաև ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմին, որոնց կատարած հերոսական աշխատանքին դեռ առիթ եմ ունենալու անդրադառնալու:
Ստորև հրապարակում եմ մեր փրկված վեց հայրենակիցների անուն-ազգանունները՝ Այվազյան Արսեն Կարենի,Սահակյան Դավիթ Գեղամի,Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի,Հարությունյան Արթուր Գարիկի,Արմաղանյան Արման Արշակի,Թումանյան Ռուսլան Սարգիսի>։