


Արմինֆո. Դեկտեմբերի 18-ին, ժամը 6:00-ին, Լոռու մարզի Փամբակ-Շահալի վազուրդում Ford Transit 36SQ472 համարանիշերով բեռնատար մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ժայռից ընկել երկաթուղային գծերի օտարացված հողաշերտի վրա:
Մեքենայի վարորդի՝ վթարի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած Էջմիածին քաղաքի բնակչի, խոսքերով, մառախուղի ու մերկասառույցի պայմաններում նա կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան՝ սահելով, կոտրել է ճանապարհի կտրուկ թեքման մասին նախազգուշացնող երկու ճանապարհային նշաններ, ինչպես նաև բետոնե բլոկների և հողաթմբի տեսքով ցանկապատը: Միջադեպի արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել:
Այս տարվա ընթացքում սա արդեն վեցերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում երկաթուղային գծերի վրա մեքենա է ընկնում: Հարավկովկասյան երկաթուղին իր հերթին գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները և վարորդներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:



